Շատ պատմական ու պատվական օր է այսօր նորանկախ Հայաստանի պատմության մեջ՝ փետրվարի 12-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը Արման Թաթոյանին կընտրի չորրորդ օմբուդսմեն, ԱԺ լիագումար նիստն էլ հետո կհաստատի՝ սա մեկ: Երկրորդ՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հերքել է մամուլի տեղեկությունները, թե այսօր նախագահի նստավայրում տեղի է ունենալու ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների համագործակցության համաձայնագրի ստորագրումը, ասել է՝ «Ոչ, այսօր նման բան չի նախատեսվում», ու բացատրել է՝ «Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է»: Եվ երրորդ՝ ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության մասին հայտարարությունը կարվի մինչև օրվա վերջ՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ «Նախատեսվում է թիմի հավաք, որից հետո ՀՀ նախագահը հայտարարություն կանի»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի մանրամասնել պաշտոն առ պաշտոն ու անուն առ անուն: Եթե մինչև երեկո ոչինչ չփոխվի, իսկ Հայաստանում ամեն պահ է ամեն ինչ փոխվում, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին կփոխարինի Լևոն Մկրտչյանը (ի դեպ, Արմեն Աշոտյանին շատերն են շտապում պաշտոնավորել, նա դեռ չի կողմնորոշվել և նրա հարցում էլ որոշում չկա), էկոնոմիկայի նախարար կդառնա Արծվիկ Մինասյանը (առայժմ գործ չունի և Կարեն Ճշմարիտյանը), արտակարգ իրավիճակները և տարածքային կառավարումը կառանձնանան՝ փաստորեն կկատարվեն և կառուցվածքային փոփոխություններ, Արմեն Երիցյանը կշարունակի կառավարել արտակարգ իրավիճակները, տարածքային կառավարումը կհանձնվի Դավիթ Լոքյանին: Հանուն արդարության պահպանման՝ չեն բացառվում և կառուցվածքային այլ փոփոխություններ, օրինակ՝ ֆինանսների սուպերնախարարության կիսումը, կամ նախարարի փոփոխություն, օրինակ՝ էներգետիկայի, բայց դա ՀՀԿ-ի ներսում, որ չի վերաբերում ՀՀԿ-ՀՅԴ գործարքին, որին կզոհաբերվի նաև 2 մարզպետի պորտֆել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չգիտես ինչու՝ ՀՀԿ-ՀՅԴ երկխոսությունը, բանակցությունները, թե առևտուրը մամուլում կնքվեց «հարսանիք» անունով: Գուցե այն պատճառով, որ երկու հարսանքատերերի տանն էլ խաղաղ չէր՝ մեկ ՀՀԿ-ն չէր տալիս, մեկ ՀՅԴ-ն չէր կողմնորոշվում՝ ում տա: Իսկ ժամանակին մեր «հարսանիքները» լինում էին լեռներում և ազատագրվում էր Շուշին, հիմա «հարսանքավորները» ի՞նչ են տոնում: